Արմինֆո.Պահեստազորային համակարգի զարգացումը գերակա ուղղություն է Հայաստանի զինված ուժերի և կառավարության համար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա կարծիքով, այդ ոլորտում դեռ կան որոշ խնդիրներ, որոնք ակնհայտ դարձան Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո: Ըստ որում՝ Նահապետյանը գտնում է, որ խնդիրները հիմնականում կապված են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, ինչով էլ կզբաղվի իր գլխավորած հանձնաժողովը: «Պահեստազորային համակարգը երկրի անվտանգության կարևոր բաղադրիչն է, հետևաբար՝ անհրաժեշտ է սերտ համագործակցություն ՊՆ հետ: Պահեստազորայինները պետք է նորագույն սպառազինություններին տիրապետման համապատասխան հմտություններ ձեռք բերեն, ինչպես նաև անհրաժեշտ ֆիզպատրաստություն անցնեն»,- ընդգծել է նա:
ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն իր հերթին հայտարարել է, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պատասխանատվության ենթարկել պահեստազորայիններին, ովքեր հրաժարվում են մասնակցել պարբերաբար կազմակերպվող հավաքներին: Նա նշել է, որ պահեստազորայինների մեծ մասը չի մասնակցում համապատասխան կրթական դասընթացների, ինչն անընդունելի է:
ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ի պատասխան հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելը չի խանգարել 6-7 հազար կամավորների մասնակցել մարտական գործողությունների ապրիլյան էսկալացիայի ժամանակ: «Մշտապես տարվում են համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքներ: Մենք ձգտում ենք արդիականացնել այդ ուղղությունը և համապատասխան հմտությունների ձեռքբերման համար մոտիվացիա ստեղծել»,- նշել է նա: «Սյունիքում, Տավուշում, Արարատում և Վայոց ձորում արդեն անցկացվում են նման միջոցառումներ՝ ուղղված պահեստազորայինների պաշտպանունակության բարձրացմանը և այդ տարածաշրջանների անվտանգության բարձացմանը»,- նշել է նա: