Արմինֆո. ՌԴ կառավարությունը նախագահ Պուտինի ստորագրմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միացյալ զորախմբի ստեղծման շուրջ համաձայնագրի նախագիծը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալի պաշտոնական կայքում:
«Հավանություն տալ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորախմբի ստեղծման շուրջ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած համաձայնագրի նախագծին, որը համաձայնեցվել է ՌԴ ԱԳՆ և գործադի իշխանության այլ շահագրգիռ դաշնային մրամինների հետ և նախապես մշակվել է հայկական կողմի հետ: ՌԴ նախագահին ներկայացնել առաջարկություն նշված հնամաձայնագրի ստորագրման վերաբերյալ», - ասվում է ՌԴ կառավարության որոշման մեջ:
Համաձայնագրի նախագծում ասվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումն ի զորու կլինի ապահովելու «համարժեք արձագանքում զինված հարձակումներին (ագրեսիային), ինչպես նաև այլ մարտահրավերներին և կողմերի անվտանգության համար սպառնալիքներին: Ըստ նախագծի, երկու պետությունների պաշտպանության նախարարությունները կմշակեն և իրենց գերագույն գլխավոր հրամանատարների հաստատմանը կներկայացնեն միացյալ խմբավորման կիրառման պլանավորման վերաբերյալ առաջարկություններ: Նրանք էլ կորոշեն խմբավորման կազմը: «Խաղաղ ժամանակ ՀՀ ԶՈՒ կառույցում կգործի ԶՈՒ ներկայացուցիչներից բաղկացած միացյալ զորախմբի հրամանատարություն` կրճատ կազմով», - ասվում է համաձայնագրի նախագծում: Փաստաթղթում նաև նշվում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի շրջանում և պատերազմական ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցություն կազմակերպելու համար լիազոր մարմինները (պաշտպանության նախարարությունները - ՏԱՍՍ) նախատեսում են օպերատիվ խմբեր ուղարկել ՌԴ հարավային զինվորական օկրուգի շտաբ և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ: Ըստ համաձայնագրի նախագծի, միացյալ զորախմբի հրամանատարին կնշանակի Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը` ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախմբավորումը կենթարկվի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի ժամանակ նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարին` «կախված ստեղծվող իրադրությունից»: Փաստաթղթում նաև ասվում է, որ կողմերն ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբի կազմին հատկացված իրենց զորքերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը:
Համաձայնագիրը, որն ուղղված չէ երրորդ պետություննմերի դեմ, նախատեսվում է կնքել հինգ տարով` հաջորդ հնգամյակներին ինքնըստինքյան երկարաձգման պայմանով, եթե կողմերից որևէ մեկը նման համագործակցությունը դադարեցնելու ցանկություն չի հայտնում, ասվում է համաձայնագրի նախագծում: