Արմինֆո. Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը և քիչ առաջ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով պահանջեց, որ ԵԽԽՎ-ն հատուկ կամ հրատապ կարգով քննարկի Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն, որն Ադրբեջանը պաշտոնապես հռչակեց սուլթանատ։
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԲՀԿ մամուլի ծառայությունից:
«Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով ուղղակի պարտավոր ենք քննարկել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այդ հանրաքվեով Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի, և երկրի հիմնական օրենքով ամրագրվում է նախագահի աթոռը ժառանգությամբ փոխացնելու սուլթանատի հիմնական մոդելը։
Սահմանադրական փոփոխություններով սեփական պաշտոնավարումը 5 տարուց դարձնելով 7 տարի, իսկ նախագահի թեկնածուի համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը 35-ից դարձնելով 25 տարի, սրանով Ալիևը երկրի մայր օրենքով ամրագրեց իր պաշտոնավարումից հետո նախագահի աթոռը կրտսեր Ալիևին փոխանցելու դրույթը։ ԵՎ չնայած թե՜ դեռևս ազատության մեջ մնացած Ադրբեջանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունները, թե՜ «Մուսաֆաթ» կուսակցությունը, թե՜ ԱՄՆ Պետդեպը և մի խումբ կոնգրեսականներ կոչ արեցին Սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ Ալիևի հերթական բռնապետական թելադրանքին, սակայն սեպտեմբերի 26-ի հանրաքվեով Ադրբեջանը պաշտոնապես դարձավ բռնապետական սուլթանություն»,-նշել է Զոհրաբյանը։
Նա հույս է հայտնել, որ Վեհաժողովը կքննարկի նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելության խիստ անհասկանալի գնահատականը, որ Ադրբեջանում հանրաքվեն անցել է բաց և թափանցիկ՝ արհամարհելով ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։
Ղոհրաբյանն իր ըարակուսանքն է հայտնել նաև այն առնչությամբ, թե ինչպե՞ս են Վեհաժողովի գործընկերները օրինակելի համարում մի հանրաքվե, երբ ամբողջ միջազգային մամուլը և անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրապարակել են հարյուրավոր փաստեր ընտրակեղծիքների վերաբերյալ. օրինակ, թե ինչպես են քվեարկության տարել քվեարկելու իրավունք չունեցող դպրոցահասակ երեխաների։
«Ավելին, աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիները նշյալ երկրների ադրբեջանական դեսպանատների մոտ կազմակերպել են ցույցեր՝ «Ժողովուրդը թագավոր չի ուզում» պաստառներով։ Ու նման խայտառակությունից հետո հայտարարվում է, թե ադրբեջանցիների 91 տոկոսը կողմ է թագավոր ունենալուն: Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում, մեր կառույցում պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա։ Մենք լռեցինք, երբ Ալիևը սահմանադրական նախորդ փոփոխություններով նախագահ առաջադրվելու իրավունքը դարձրեց ցմահ, լռում ենք հիմա, երբ ԵԽ անդամ երկիրը պաշտոնապես հայտարարվում է սուլթանատ։ Ես պահանջում եմ, որ քվեարկության դրվի Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն հատուկ կամ հրատապ կարգով քննարկելու հարցը»,-նշել է Ն.Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հանրաքվե, երկրի նախագահի իրավասությունները 5 տարուց 7 տարի երկարաձգելու նպատակով, ինչպես նաև նախագահի թեկնածուի տարիքն իջեցվեց և սահմանվեց փոխնախագահի պաշտոն: Հանրաքվեին մասնակցությունը կազմեց 60%, որը ճանաչվեց կայացած: ԵԽԽՎ գնահատող առաքելության ղեկավար Ալեքսանդր Նիկոլսկին հայտարարել է, որ հանրաքվեն անցավ միջազգային օրենսդրութան և Ադրբեջանի Սահմանադրության համապատըասխան: «Քվեարկությունը կազմակերպվեծ էր թափանցիկ և լավ, քվեները հաշվելու ընթացքում լուրջ խախտումներ չարձանագրվեցին: Մենք հարգանքով ենք վերաբերվում ադրբեջանական ժողովրդի կամքին»,-ասել է Նիկոլսկին: