Շաբաթ, 27 Դեկտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար. Դիվերսիաները մեր գործելաոճը չեն Երևան:

Դիվերսիաները մեր գործելաոճը չեն, և արցախցի զինվորականները երբեք դրանց չեն դիմել և նման մեթոդներով հարցեր չեն լուծել: Այդ մասին ասվում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հայտարարության մեջ:



ՙԱղդամի ուղղությամբ իբր իրականացված դիվերսիայի վերաբերյալ ադրբեջնական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող տեղեկատվության առնչությամբ մենք կոչ ենք անում տեղի չտալ նման սադրիչ ապատեղեկատվությանը ու սպասել Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարությանը՚,- հայտարարել է Բաբայանը:


Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 26-ի երեկոյան Աղդամի ուղղությամբ իրականացված հարձակման արդյունքում մեկ հայ զինծառայող է գերեվարվել:


ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց:


Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ և ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը և նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր: Ականազերծման գործողությունների և հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:


ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն