ՄՄ-ին Հայաստանի միացումը թույլ կտա բարձրացնել կենսամակարդակը հանրապետությունում, Երևանում մեկնարկած ՙՀայաստան-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՙԵվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները կնպաստեն Հայաստանում կենսամակարդակի բարձրացմանը՚,-ասել է վարչապետը: ՄՄ-ն մի շարք համեմատական առավելություններ է տալիս երկրի տնտեսության զարգացման համար:
Վարչապետը նշել է եվրասիական տնտեսական տարածությունում աշխատուժի ազատ տեղաշարժի կարևորությունը: ՙԱշխատուժի ազատ տեղաշարժը կնվազեցնի միգրացիոն ռիսկերը, ինչի մասին է վկայում համաշխարհային փորձը՚,- ասել է Սարգսյանը: Նա նաև կարևորել է ծառայությունների և ապրանքների միասնական շուկայի ստեղծումը և բիզնեսի համար սահմանափակման վերացումը, քանի որ հայկական ապրանքների հիմնական արտահանումը բաժին է ընկնում ՄՄ շուկաներին:
Միաժամանակ որպես մարտահրավերներ և լրացուցիչ ռիսկեր` նա նշել է այն հանգամանքը, որ մաքսատուրքերը Հայաստանում տվյալ փուլում կազմում են միջինը 2,4%, մինչդեռ այդ ցուցանիշը ՄՄ երկրներում երեք անգամ բարձր է, ինչը կարող է անդրադառնալ հանրապետությունում բիզնեսի և մանրածախ գների վրա: Այս առնչությամբ Հայաստանը ներկայումս բանակցություններ է վարում 900 անվանում ՙզգայուն՚ ապրանքների շուրջ, որպեսզի դրանց նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը չփոխվեն, ասել է նա:
Վարչապետը մեջ է բերել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի խոսքերը, ըստ որի` ՄՄ-ին անդամակցությունն ավելի շատ դրական էֆեկտներ կբերի Հայաստանին, քան բացասական: Սարգսյանի խոսքով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ և արմատական փոփոխություններ մտցրեց, ցույց տվեց ԵՄ ուժեղ ու թույլ կողմերը: ԵՄ հետ հետագա համագործակցությունը Հայաստանը տեսնում է ինստիտուցիոնալ բարեփոխումների տեսանկյունից, հավելել է նա: Ինչ վերաբերում է ՄՄ-ին, ժամանակը ցույց է տվել այդ կառույցի կենսունակությունը և արդյունավետությունը, ասել է վարչապետը: