Լուրջ ճնշում գործադրելով Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ` Պուտինը փորձում է ստեղծել Խորհրդային Միություն 2: Օգոստոսի 28-ին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի նիստում, որը նվիրված էր տնտեսական ոլորտում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի համար սպառնալիքներին:
Ռուսաստանի նման գիծը վնասում է ոչ միայն Ուկրաինային, լուրջ ճնշում է գործադրվում նաև Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ: Խոսքը վերաբերում է ոչ թե առևտրին, այլ` աշխարհաքաղաքականությանը: Պուտինը փորձում է ստեղծել Խորհրդային Միություն 2: Բայց մենք արդեն եղել ենք ԽՍՀՄ-ում: Մեզ համար դա բավական է՚, - հայտարարել է նիստին ներկա Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչ Արսենի Յացենյուկը:
Ինչպես հաղորդում է ՙԿոմերսանտը՚, Կոմիտեի անդամները Մոսկվային մեղադրել են Կիևին իր ազդեցության գոտում պահելու ձգտման համար, իսկ քննարկմանը մասնակից Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը հավաստիացրել են, որ իրենց հայրենակիցները չեն ցանկանում անդամակցել Խորհրդային Միություն 2-ին: Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկն իր հերթին հայտարարել է, թե Ռուսաստանը քաղաքական զենք է կիրառում իր հարևանների դեմ` դա համարելով միանգամայն անընդունելի ազատ Եվրոպայում: Նրա ասելով, առևտրային պատերազմ սանձազերծելով Չինաստանի դեմ, Մոսկվան խախտել է Հելսինկյան ակտը, միջազգային կանոններն ու պայմանավորվածությունները:
Վերջում եվրապատգամավորներն առաջարկել են նախապատրաստել Ուկրաինայի նկատմամբ ճնշման համար Ռուսաստանին դատապարտող բանաձև: Իսկ ՙԵվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ՚ կուսակցությունից Պավել Կովալն առաջարկել է հաջորդ շաբաթ ստորագրել Ուկրաինայի հետ ասոցացման շուրջ գամաձայնագիրը` չսպասելով ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովին: