Երկուշաբթի, 31 Մարտի 2014

Մարտիրոսյան Նանա

Քեսաբի դեպքերի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային իրավապաշտպան կառույցներին

Քեսաբի դեպքերի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային իրավապաշտպան կառույցներին

Այսօր առավոտյան  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: 


ՙՀարգելի գործընկերներ, Սիրիայի  հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի  ունեցել մարտի 22-25-ը:  Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ և Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել են հարևան Բասիթ և Լաթաքիա: 


Ցավալի է, սակայն, Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909  և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին  հայերին հեռանալ Քեսաբից: Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն  արդեն երրորդն է  նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:


Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր և, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը  Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար՚,- ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ուղերձում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն