Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդին և ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցելու համար: Այս մասին նախարարը հայտարարել է այսօր, Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և բյուրոյի նիստի ժամանակ:
ՙՀայկական կողմը միջազգային հանրությունից երբեք չի պահանջել աջակցել բացառապես իր դիրքորոշմանը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, որն արտացոլված է այդ հայտարարություններում: Նման իրական աջակցությունը կօգնի խաղաղ կարգավորում գտնել: Հայկական կողմը նմանատիպ մոտեցում է սպասում նաև Ադրբեջանից՚,- ընդգծել է Նալբանդյանը, ընդգծելով, որ Երևանի դիրքորոշումն ամբողջությամբ համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը սակայն, չի սատարում Բաքուն: ՙԲաքուն հայտարարում է, որ սատարում է 2009 թվականին ստորագրված փաստաթուղթը, այսինքն, դրանով Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ ՄԽ մյուս բոլոր այն առաջարկները, որոնք հնչեցվել են 2009 թվականից հետո: Հայաստանը սատարում է շփման գոտուց դիպուկահարների հեռացման, սահմանամերձ միջադեպերի հետաքննության վերաբերյալ խմբեր ստեղծելու ուղղությամբ համանախագահների առաջարկները, իսկ Ադրբեջանը դա մերժում է՚,-հայտարարել է նախարարը, ընդգծելով, որ Բաքուն դեմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Իր հերթին, ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Ժան-Կլոդ Մինյոնը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, իր ելույթում հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն սատարում է հակամարտությնա խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Նա նաև ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության կորևորությունը կողմերի միջև փոպադարձ համաձայնության և վստահության մթնոլորտի ձեռքբերման հարցում: