BoraJet ընկերությունը չեղյալ է հայտարարել Երևան-Վան չվերթը` ուղևորների ոչ մեծ թվի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, այդ մասին հայտարարել է Վանի փոխնահանգապետ Մեհմեթ Յուզերը:
BoraJet-ն ընդգծում է, որ այդ որոշումը կայացվել է բացառապես ընկերության կողմից և քաղաքական ենթատեքստ չունի: Թուրքական Ayanis զբոսաշրջային գործակալության ղեկավար Աբդուլլահ Թունչդեմիրն իր հերթին հիասթափություն է արտահայտել չվերթի չեղյալ հայտարարման առնչությամբ, քանի որ արդեն միջոցառումներ էին նախապատրաստել առաջիկա սեզոնի համար: Նա ընդգծել է, թե դա կարող էր կարևոր քայլ դառնալ տարածաշրջանում տնտեսության աշխուժացման համար: ՙՀայկական և իրանական շուկաներն այնքան մոտ են մեզ, սակայն երկար տարիներ շարունակ մենք հնարավորություն չենք ունեցել բացել դռներն այդ երկրների համար՚, - նկատել է նա:
Մինչդեռ մարտի 29-ին հայկական ՙՆարեկավանք՚ զբոսաշրջային գործակալությունը հայտարարություն է տարածել` հերքելով այդ տեղեկատվությունը: ՙԱյդ նախագծի նախաձեռնողները նախկինում հեռու էին քաղաքականությունից, սակայն դա երկար չտևեց, և ցավալի է, որ նման խոստումնալից նախաձեռնությունը ձախողվեց՚, - նշվում է հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ հայկական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը ապրիլի 1-ից կդադարեցնի նաև Երևան-Ստամբուլ չվերթը: