ՍԴ-ն շարունակում է կուտակային կենսաթոշակային բարեփոխման պարտադիր բաղադրիչի սահմանադրականության վերաբերյալ խորհրդարանական չորս ուժերի /ՀՅԴ, ՙԺառանգություն՚, Հայ ազգային կոնգրես, ՙԲարգավաճ Հայաստան՚/ հայցի քննարկումը:
Ինչպես այսօր ՍԴ նիստի ժամանակ նշել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, օրենքից պարտադիր բաղադրիչը հանելու դեպքում նոր բարեփոխումներին հետևողները քիչ կլինեն, այդ պատճառով պետությունը նախատեսել է համակարգ, որը քաղաքացու փոխարեն ընտրում է հիմնադրամը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ 5337 մարդ է կամավոր ընտրել կենսաթոշակային հիմնադրամ: ՙ127007 մարդու համար արդեն դրամական փոխանցումներ են արվել, եղել են նաև պետբյուջեից հատկացումներ՚,- ասել է նա:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):