Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նախօրեին ՀՀ կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ անդրադառնալով արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը, հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:
Հանրապետության նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: