Հայաստանի նախագահության ևս մեկ թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն առաջարկում բոյկոտել 2013 թվականի մարտի 18-ի նախագահական ընտրությունները:
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.
ՙՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան Սեդրակյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին.
Հարգարժա՛ն պարոնայք, հանրությունը, որի իրավունքները երաշխավորված չեն, իսկ պետական իշխանությունը ամբողջությամբ գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, ըստ էության զրկված է իր Սահմանադրությունից։
Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է վերցնում է հանրության շահերը պաշտպանելու պարտքը։ Այսօր մենք ունենք իրավունք` ձեւավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ։ Դրա հետ մեկտեղ, մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը։ Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից եւ միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։ Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի։ Նաեւ հավատում եմ, որ Նախագահի մյուս թեկնածուները եւս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից։ Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում` մինչեւ ս.թ. հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իրադրության՚,-նշել է նա ՙՖեյսբուքի՚ իր էջում։
Նշենք, որ նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Իսկ նախագահական ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու, այդ թվում, Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանը: