Հայաստանի հանրապետական կուսակցությունը ողջունում է Րաֆֆի
Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում
հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորը հերքել է ԶԼՄ-ներում արծարծվող այն տեղեկությունները, թե Հովհաննիսյանին առաջարկվել է
պաշտոն, և հենց այդ պատճառով է նա մտադիր դադարեցնել հացադուլը: ՙՊետք չէ
հարցը դիտարկել այդ հարթությունում, քանի
որ, ելնելով մարդկային գործոնից և այն բանից, որ նա հայ է, մենք չէինք ցանկանա,
որպեսզի նրա հացադուլը շարունակվեր և վնասեր նրա առողջությանը՚, - նշել է նա: Ընդ
որում քաղաքական գործիչը նկատել է, որ նման լուրեր տարածում են այն քաղաքական ուժերը,
որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել ընտրական գործընթացներից, և սևացնելով
մյուսների անունները, փորձում են բարձրացնել
իրենց հեղինակությունը: Սահակյանը չի բացառել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հովհաննիսյանի երկրորդ
հանդիպման հնարավորությունը, քանի որ դա կլինի միանգամայն տրամաբանական: ՙԲոլոր
քաղաքական գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունը, հետևաբար, հետընտրական
ցնցումներից, արտոնված և չարտոնված հանրահավաքներից, հացադուլից, նամակների
փոխանակումից հետո, որոնք հանգեցնում էին որոշակի բարդությունների և
թյուրըմբռնումների, եկել է երկխոսության և սեղանի շուրջ բանակցությունների
ժամանակը՚, - նշել է հանրապետականը: