Ադրբեջանին ռուսական սպառազինության նոր, ինչպես նաև առաջիկա մատակարարումները լիովին տեղավորվում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունների մեջ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը`մեկնաբանելով Ադրբեջանին ռուսական սպառազինության վերջին մատակարարումները:
Օրերս ՙԿուրգանմաշզավոդը՚ սկսել է Ադրբեջանի համար 2С31 ՙՎենա՚ ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը, որոնք առաջին անգամ ներկայացվել էին IDEX-97 սպառազինությունների ցուցահանդեսին 90-ական թթ, սակայն այն ժամանակ պատվիրատու չի գտնվել: ՙՎենա՚ համակարգը նախատեսված է կենդանի ուժի, հրետանակային և ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների, կրակային միջոցների և մինչև 13 կմ հեռավորության վրա ղեկավարման կենտրոնների խոցման համար:
ՙԴա ամենևին բիզնես չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել: Ռուսական սպառազինությունների հիշյալ մատակարարումները տեղավորվում են Ռուսաստանի հստակ մտածված քաղաքականության մեջ`ուղղված Ադրբեջանին զենքի մատակարարումների կախվածության մեջ գցելուն: Ռուսական զենքով ապահովելու քաղաքական որոշման միջոցով Մոսկվան բոլոր միջոցներով փորձում է ուժեղացնել վերջինիս վրա իր ազդեցության լծակները`մտահոգված լինելով այդ երկիր իսրայելական և թուրական սպառազինությունների մատակարարումներով՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Սարգսյանը, ի թիվս այլ գործոնների, Ռուսաստանի ձեռքով Ադրբեջանի ռազմականացումը կապում է իրանական գործոնի հետ`պայմանավորված ԱՄՆ և Իսրայելի հետ Թեհրանի հարաբերություններում հեղափոխական փոփոխություններով: Ավելի վաղ Իրանը դիտարկվում էր որպես Արևմուտքի հստակ հակառակորդ, իսկ Թուրքիան`դաշնակից: Այդ պայմաններում Հայաստանը
հակակշիռ էր այդ հարաբերությունների համակարգում: Մինչդեռ նոր պայմաններում, երբ նույնիսկ Իրանի նախագահը ճանաչեց Հոլոքոսթը, Ադրբեջանը միանգամայն այլ դեր կարող է խաղել: Իսկ դա, վերկուծաբանի կարծիքով, չի կարող չազդել վերջինիս նկատմամբ ՌԴ քաղաքականության վրա: ՙԲաքվում, ըստ որևույթին, հետևում են բոլոր այդ փոփոխություններին և հասկանում իրենց նշանակությունն այդ կոմբինացիաներում՚,- ամփոփել է Սարգսյանը: