Հայկական Air Armenia ավիաընկերությունը 2013 թվականի օգոստոսին կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան առաջին կանոնավոր ուղևորատար ավիաչվերթը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Նրա խոսքերով, մոտ 3 շաբաթ առաջ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Air Armenia ընկերությանը տրամադրեց դեպի Ռուսստանի` Մոսկվա- Սոչի, Սամարա, Դոնի-Ռոստով, Կրասնոդար և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներ ավիաթռիչքներ իրականացնելու լիցենզիա: Այդ ուղղութոյւնների վրա կաշխատեն Ա-320 մակնիշի 2 օդանավեր: Առաջինը հանրապետություն կբերվի օգոստոսի կեսերին, իսկ երկրորդը` սեպտեմբերի վերջին: Ավետիսյանը նշել է, որ ընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իրականացնում է բեռնափոխադրումներ: ՙԱռաջին բեռնափոխադրումն իրականացվել է 2003 թվականի օգոստոսի 18-ին, հետևաբար, դրա համար էլ ցանկանում ենք առաջին ուղևորափոխադրումն իրականացնել 2013 թվականի օգոստոսի 18-ին: Հավանաբար, մենք չենք կարողանա այդ չվերթը բացել մինչև նշված օրը, բայց միանշանակ է, որ մինչև օգոստոսի վերջն առաջին թռիչքը կիրականացնենք՚,-ասել է Ավետիսյանը:
Տնօրենը նշել է, որ մարդատար երկու ինքնաթիռներն էլ ընկերությունը վարձել է: Վարձակալությանն ուղղված ներդրումները կազմել են 3.2 մլն.դոլար: Ըստ Ավետիսյանի, թռիչքները հաջող իրականացնելու դեպքում ընկերությունը հետագայում մտադիր է գնել ինքնաթիռներ և ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, մասնավորապես` դեպի Եվրոպա և Ասիա: Նա նշել է, որ 2013 թվականի սեպտեմբերի կեսերին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայկական ավիափոխադրողների համար կհայտարարի մրցույթ և Air Armenia-ն անպայման կմասնակցի այդ մրցույթին: ՙԵթե մենք հաղթենք մրցույթում և ստանանք 5 տարվա լիցենզիա, ապա կարելի է սկսել պլանավորել ընկերության զարգացումը երկարաժամկետ հեռանկարում՚,-նշել է ընկերության ղեկավարը:
Ներկայումս ընկերությունն ունի 110 աշխատող, իսկ մինչև թռիչքների մեկնարկն այդ թիվը կհասնի 135-ի, ասել է նա:
Նշենք, որ Air Armenia ընկերությունն ստեղծվել է 2003 թվականին, որի հիմնադիրներն են Վահան Հարությունյանը և Ռուզաննա Թովմասյանը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 501 հազ.դոլար:
Հավելենք նաև, որ Air Armenia ընկերությանը, փաստորեն, կդառնա առաջին ազգային ավիափոխադրող` ՙԱրմավիա՚ ընկերության կողմից ապրիլի 1-ից իր թռիչքները դադարեցնելուց հետո: