Ռուս-թուրքական դիմակայությունն արդեն հանգեցրել է Մոսկվայի պայմանագրի չեղարկման վերաբերյալ առաջարկությունների և Անկարայի կողմից Քյուչուկ Քայնարջայի հաշտության պայմանագրի պայմաններից հրաժարման: Ձեր կարծիքով, ի՞նչ հեռանկարներ ունի այդ ՙպայմանագրերի պատերազմը՚՝ հաշվի առնելով Էրդողանի հետ ուղղակի բանակցությունների գնալու ՌԴ նախագահ Պուտինի մերժումը:
Մոսկվայի և Քյուչուկ Քայնարջայի պայմանգրերն արդեն բավակաչափ հնացել են և շատ բանով հակասում են առկա իրողություններին: Սակայն, ինձ թվում է, որ դրանք առայժմ կպահպանվեն, քանի որ դրանցում շոշափվում են տարածքային սահմանների հարցեր, որոնք ամենասուրն են բոլոր ժամանակներում: Այդ երկու պայմանագրերի չեղարկումը ներկայիս լարված իրադրությունում կարող է միայն սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը հազիվ թե բխում է հենց նույն Հայաստանի շահերից, հաշվի առնելով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ես հասկանում եմ հայ ժողովրդի զգացմունքները, սակայն պետք է սպասել իրադրության կայունացման և այն ժամանակ սառը գլխով կարելի է սկսել ինչ-որ բան քննարկել և ինչ-որ ուղղությամբ ընթանալ: Իմ կարծիքով, «պայմանագրերի պատերազմնե ավարտված է, կարող են լինել միայ առանձին «խայթոցներ՚: Եթե խոսենք Էրդողանի հետ բանակցությունների մասին, կարծում եմ, Թուրքիայի նախագահի հետ շփումները հնարավոր կլինեին, եթե նա ներողություն խնդրեր խոցված ռուսական «Սու-24Մե ռմբակոծիչի համար: Ընդ որում, նման քայլը մարտական գործողությունների պայմաններում կթողներ ոչ թե նվաստացման, այլ պարզ մարդկային ափսոսանքի և կարեկցանքի տպավորություն: Սակայն Թուրքիան, ըստ երևույթին, պատրաստ էր Ռուսաստանի նկատմամբ ագրեսիայի նման ակտի և սպասում էր հարմար առիթի: Պատահական չէ, որ Անկարան հրաժարվել է Սիրիայի երկնքում ռազմական ինքնաթիռներին առնչվող հնարավոր միջադեպերի կանխարգելման շուրջ հուշագիր ստորագրել Մոսկվայի հետ, ինչպիսն ՌԴ և ԱՄՆ միջև գործում է 2015 թվականի հոկտեմբերի 20-ից, այսինքն` դեռ մինչև ռուսական ռմբակոծիչին առնչվող միջադեպը:
Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը Հայաստանուն: Դա պայմանավորված է Թուրքիայի հետ դիմակայությամբ, թե՞ այդ գործընթացն այլ օբյեկտիվ ռազմաքաղաքական պատճառներ ունի:
Իրավիճակը տարածաշրջանում խիստ լարված է: Եվ կանխագուշակել, թե ուր կգնան Սիրիայից դուրս մղվող գրոհայինները, որտեղ կհայտնվեն՝ Լեռնային Ղարաբաղում, թե Հյուսիսային Կովկասում, շատ բարդ է: Ռուսաստանն արդեն սոցցանցերում № 1 թիրախն է հայտարարված ԴԱԻՇ համար: Թուրքիայում բացառված չէ փլուզումը և քաղաքացիական պատերազմը: Այս պայմաններում Ռուսաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ, պարտքն է՝ օգնել Հայաստանին երկու երկրների համար ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու նպատակով վերջինիս անվտանգության ամրապնդման հարցում:
Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և հիմա արդեն Սաուդյան Արաբյան խրվել են
քաոսով համակված Մեծ Մերձավոր Արևելքի տարածքի էպիկենտրոն հանդիսացող Սիրայի հակամարտությունում: Մինչդեռ ԱՄՆ մասնակցությունը սիրիական գործերին, որին շատերը մեղադրում են սիրիական ճգնաժամը հրահրելու մեջ, սահմանափակվում է Պետդեպարտամենտի հայտարարություններով: Արդյո՞ք տարօրինակություն չեք տեսնում այս իրավիճակում:
Սիրիան այդ մեծ տարածաշրջանի ողնաշարն է: ԱՄՆ արդեն վաղուց Մեծ Մերձավոր Արևելքի սահմանների վերաձևում է ծրագրում, առավել ևս, որ դրանք արհեստականորեն գծվել էին մի քանի տասնամյակ առաջ՝ առանց հաշվի առնելու ժողովուրդների բնակությանը վայրերը, կրոնական գործոնները և այլն: Տարածաշրջանի ապագա քարտեզներում, որոնք բազմիցս հրապարակվել են ԱՄՆ, Թուրքիայի և այլ երկրների վերլուծական տարբեր կենտրոնների կողմից, առկա է Ազատ Քուրդիստան, Սուննիական Իրաք և այլն: Իսկ դա օգնում է մի շարք արդիական հարցերի պատասխաններ ստանալ: Օրինակ՝ Հայաստանի համար, վերլուծաբանի խոսքով, Իրաքից հսկայական տարածքների ենթադրվող պոկումը և ՙՄիավորված՚ ադրբեջանական պետության ստեղծումը Քուրդիստանով, Ադրբեջանով և Վրաստանով շրջապատված լինելու հեռանկար կստեղծի, ըստ որում՝ առաջին երկու պետությունների բնակչությունը կկազմի շուրջ 30 մլն:
Մինչ վերջերս ամեն բան պլանավորված էր ընթանում: Ստեղծվել էր ԴԱԻՇ-ը, որն այդ թվում լուծում էր Վաշինգտոնի խնդիրները Մերձավոր Արևելքում, որին ակտիվորեն օգնում էին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ խաղացողներ, որոնք նույնպես ակնկալում էին օգուտ քաղել Սիրիայի փլուզումից: ԴԱԻՇ-ը ՙբաժնետիրական ընկերություն է՝ մեծաթիվ ավանդատուներով՚, բայց նրանց ՙխաղը՚ խափանեց Մոսկվայի միջամտությունը: Ահաբեկիչներին սատարողների ծրագրերը ձախողվեցին՝ իրենց համար բացասական հետևանքներով. Ռուսաստանին աջակցեց Իրանը, որը չէր ցանկանում Սաուդյան Արաբիայի ուժեղացում տարածաշրջանում և մտահոգված էր իր սահմանների մոտ իրադարձությունների զարգացմամբ: Ամերիկացիներն իրենք խոստովանում են, որ միշտ լավ են հաշվարկել մարտավարական գործողությունները, բայց ոչ ռազմավարական հետևանքները, թեև նրանց աջակցում է Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը: Դրա վկայություն են Իրաքը, Աֆղանստանը, կան նաև այլ օրինակներ:
Այժմ մենք տեսնում ենք տարածաշրջանում իրադրության կայունացման փորձեր՝ Ռուսաստանի և ԱՄՆ մասնակցությամբ: Վաշինգտոնը Սիրիայում իրադրության՝ Մոսկվայի հետ համատեղ կարգավորման գնաց, քանի որ իրավիճակը սկսեց դուրս գալ վերջինիս վերահսկողությունից: Նման բան հազիվ թե հնարավոր էր պատկերացնել Սիրիայում մեր ՌՏՈւ գործողությունից առաջ, երբ Միացյալ Նահանգները մերժում էին ցանկացած խաղաղարար գործընթաց: Եթե խոսենք սիրական հակամարտության կարգավորման նպատակով ԱՄՆ ցամաքային ուժերի ներգրավման մասին, կարծում եմ, մոտ ապագայում դժվար թե պետք է սպասել դա՝ հաշվի առնելով Իրաքի և Աֆղանստանի փորձը:
Չեմ կարծում, որ Խաղաղության նոբելյան մրցանակ ստացած Բարաք Օբաման կցանկանար Սպիտակ տունը լքել ոչ թե որպես խաղաղարար, այլ՝ Մերձավոր Արևելքում ևս մեկ արյունահեղության կազմակերպիչ՝ Նահանագների համար կանխատեսելի վատ հետևանքներով: Այս առումով չի կարելի հաշվի չառնել նաև ԱՄՆ-ում սկսված նախագահական մրցարշավը: Ներկայիս փխրուն հրադադարը Սիրիայում ամենից առաջ Ռուսաստանի և նրա կողմնակիցների գործողությունների արդյունք է: Հակամարտության բոլոր կողմերն արդեն հոգնել են, և նրանց դադար է պետք է՝ ուժերի վերականգնման, ստեղծված իրավիճակի գնահատման և հետագա գործողությունների ուղղության ընտրության համար: Եթե Ասադի դեմ հանդես եկող ուժերը հասկանան, որ չեն կարող հասնել իրենց նպատակներին խաղաղարար գործընթացի, Սիրիայում ազատ ընտրությունների անցկացման պայմաններում, կարող են փորձել խախտել հրադադարը, եթե բավականաչափ ուժ գտնեն իրենց մեջ: Ազգային հաշտեցման գործընթացի վերջնանպատակը Սիրայում շահագրգիռ քաղաքական բոլոր ուժերի միջև հասարակության համախմբման և խաղաղ կյանքի վերադառնալու շուրջ երկխոսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Երկրում իրավիճակի կայունացում նշանակում է՝ տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների պահպանում, իսկ դա չեն ցանկանում շատերը:
Ինչպե՞ս եք պատկերացնում աստիճանաբար միջազգային մեկուսացումից դուրս եկող Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի իրական պատճառները: Ինչպիսի՞ն են այլ երկրների հաշվին դրա ընդլայնման հեռանկարները և ԱՄՆ դերն այդ դիմակայությունում:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի հիմնական պատճառը տարածաշրջանում առաջատար դիրքերի համար պայքարն է, ինչը, կարծում եմ, հեռանկարում միմիայն կուժեղանա: Իր ուժեղացմանը զուգընթաց Թեհրանն ավելի համառորեն կհայտարարի առաջատարության հավակնությունների մասին՝ այդպիսով սրելով Էր Ռիյադի հետ հակասությունները: Այդ պայքարի դրսևորումներն արդեն տեսնում ենք թե Բահրեյնում, Յեմենում, թե Սաուդյան Արաբիայում: Թեհրանի և Էր Ռիյադի առավել նկատելի դիմակայություն դիտվում է Սիրիայում, որտեղ սաուդովցիներն աջակցում են ԴԱԻՇ-ին, իսկ իրանցիները՝ Բաշար Ասադի օրինական կառավարությանը: Իսկ Իրանի և Սաուդյան Արաբիայի հակասությունների առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունում հստակ դիտվում է ՙկիսիր և իշխիր՚ սկզբունքը: ԱՄՆ-ը, մասնավորապես, փորձում է խաղալ այդ հակասությունների վրա և իրանկան սպառնալիքի պատրվակով իր շահերն առաջմղել Մերձավոր Արևելքում, ինչը դրսևորվում է Պարսից ծոցի միապետություններին զենքի վաճառքների ակտիվացմամբ, տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ծավալմամբ:
Ադրբեջանը, Հարավային Կովկասի մյուս երկրների հետ միասին, գտնվում է Մեծ Մերձավոր Արևելքի անկայունության էպիկենտրոնից մի քանի հարյուր կիլոմետր հետավորության վրա: Արդյո՞ք այնտեղ դիտվող քաոսը վտանգ է ներկայացնում Երևանի անվտանգության համար: Եթե այո, ապա ինչպե՞ս այդ քաոսը կարող է տեղափոխվել հարավկովկասյան հանրապետությունների տարածք:
Կարծում եմ, որ հակահարված ստանալով Սիրիայում՝ ԴԱԻՇ գրոհայինները լիովին կարող են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվել Թուրքիայի տարածքով, որը չի վարանում աջակցել նրանց: Չենք կարող հաշվի չառնել սեփական երկրում քրդերի հետ թուրքական իշխանությունների պայքարը, որը կարող է լուրջ դիմակայության վերաճել, հաշվի չառնել չենք կարող: Իսկ Սիրիայի հակամարտության սրացման դեպքում չի բացառվում դրա տարածումը բազմազգ Թուրքիայի տարածքում, ինչը, նրա խոսքով, չափազանց վտանգավոր է:Բացի այդ, ինչպես հայտնի է, որտեղ հակամարտություն՝ այնտեղ փախստականներ, և հավանականություն կա, որ նրանք հայտնվեն այդ թվում Հայաստանում: Կարծում եմ, որ կուժեղանա նաև Արևմուտքի կողմից Երևանի վրա ճնշումը՝ Հայաստանի ղեկավարության քաղաքականության փոփոխման, Ռուսաստանի հետ հանրապետության կապերի խզման նպատակով:
Թե՛ նավթի գների անկումը, թե՛ ռուբլու արժեզրկումը Սիրիայում Ռուսաստանի գործողության դադարեցման պատճառ չհանդիսացան: Ուկրաինայի շուրջ հակամարտությունում առայժմ ժամանակավոր անդորր է: Աստիճանաբար պատժամիջոցներից ազատվող Իրանի օրինակն ակնհայտորեն ցույց տվեց ԱՄՆ և Եվրոպայում իր դաշնակիցների պատժամիջոցային քաղաքականության անհաջողությունը: Ինչպես ցույց տվեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի այցը Մոսկվա, Վաշինգտոնում հասկանում են, որ Մոսկվայի հետ պայմանավորվել, այնուամենայնիվ, պետք է: Ինչպե՞ս եք պատկերացնում ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները:
Ռուսաստանն ավելի ուժեց է դառնում՝ ակտիվորեն պաշտպանելով իր շահերը, որոնք երբեմն հակասության մեջ են մտնում ամերիկյան շահերի հետ: Կարծում եմ, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում էական փոփոխություններ, առնվազն առաջիկա 1,5 տարում՝ մինչև Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքականության ձևավորումը, տեղի չեն ունենա: ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կմնան, ռազմական և տեղեկատվական ճնշումը միայն կմեծանա: Դրա վկայությունը մեր սահանների երկայնքով նոր ռազմակայանների և ՀՀՊ համակարգերի տեղեկայումն է, հակառուսական հայեցակարգերի և ռազմավարությունների մշակման շարունակումն ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում:
Կարծում եմ՝ կշարունակվի Ռուսաստանի հեղինակազրկմանն ուղղված բացահայտ կեղծիքի տարածումը: Համոզված է, որ մեր երկիրը կհաղթահարկի այդ նոր մարտահրավերները: