Եվրոպայի
հայկական միությունների ֆորումն Արցախի իշխանություններին կոչ է արել հանդես գալ Հայաստանին միանալու
նախաձեռնությամբ: Այդ մասին ասվում է ԵՀՄՖ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին
տրամադրված հայտարարությունում:
«Աստանայում Եվրասիական Միության թեկնածու երկրների հավաքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը հեղինակազրկվել է և չունի անհրաժեշտ բարձրության դիվանագիտական մակարդակ: Ակնհայտորեն Հայաստանի շուրջ իր ելույթի մեջ կակազող Ղազախստանի նախագահ Նազարբայևը չէր սպասում, որ իր անհեթեթ դիմումը ներկաների և առավել ևս ՀՀ նախագահի կողմից անպատասխան կմնա, ու այդքան հեշտությամբ նա կկատարի իր խոստումն այդ հավաքի հետ ոչ մի կապ չունեցող ինչ որ մի երկրի նախագահին: Եվրոպահայերը ՀՀ պատվիրակության բացարձակ լռությունը և Նազարբաևի ելույթն անպատասխան թողնելն ընկալում են ոչ միայն որպես խայտառակություն ու համասփյուռ հայ ազգի նկատմամբ դավաճանություն, այլև հստակորեն տեսնում են ազատագրված տարածքների մոտալուտ կորուստն ու Արցախի նկատմամբ լուրջ ոտնձգությունների աննախադեպ ուժեղացումը: Այս գործընթացը չտեսնելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական և դիվանագիտական բացարձակ կուրություն: Ստեղծված վիճակից ելքը միակն է. ունենալ մի փոքր քաջություն և հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որ Արցախը ողջ ազատագրված տարածքներով հանդերձ միանում է Հայստանին: Մեր խորին համոզմամբ հարցի միակ լուծումը դա է, և այսօր մոտեցել է այն պահը, որը հարցի ճիշտ լուծման թելադրանք է պահանջում: Վաղը լինելու է ուշ և անհնարին: Վերջին անգամ խոհեմության կոչ ենք անում ՀՀ և Արցախի իշանություննրին` հանդես գալու Արցախը Հայաստանին միացնելու հայտարարությամբ», - ասվում է ԵՀՄՖ
հայտարարությունում:
Հիշեցնենք,
որ մայիսի 29-ին Եվրասիկական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ
Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է արդեն հունիսի 15-ին ստորագրել
ԵԱՏՄ անդամակցության շուրջ փաստաթուղթը: Ինչին ի պատախսան` Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրումը հնարավոր է հուլիսի 1-ից ոչ շուտ,
քանի որ Հայաստանը պետք է կատարի որոշ պարտավորություններ: Ընդ որում Ղազախստանի
նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերստին հայտարարել է, թե պետք է հաշվի առնվի
ղարաբաղյան հարցը: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, թե
Հայաստանը ԵԱՏՄ-ին կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում մտել է
ԱՀԿ: «Մենք Ադրբեջանի նախագահից
նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը
ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի
տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես
նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար», - նշել է Նազարբաևը: Հայաստանի նախագահը հանդես
չի եկել պատասխան հայտարարությամբ: