Ուրբաթ, 28 Հունիսի 2013

Էդուարդ Շարմազանով.Հայերը և հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում

Էդուարդ Շարմազանով.Հայերը և հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում

 Հայերը և հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում: Այս մասին նախօրեին Աթենքում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ հանդիպմանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից,
ողջունելով  ՀՀ ԱԺ փոխնախագահին` Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների` դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր` Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու օրոք`1996-ին է երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ 20-րդ դարասկզբին տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի, հույների, ասորիների եւ քրիստոնյա բնիկ այլ փոքրամասնությունների ցեղասպանություն` ընդգծելով, որ հայերը եւ հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում: ԱԺ փոխնախագահը Կակլամանիսին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Իր հերթին, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն ընդգծել է, որ անրաժեշտ է անել ամեն ինչ` նոր ցեղասպանությունների իրագործումը բացառելու համար:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին` կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցության, միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակման եւ դրանց հետեւողական իրագործման անհրաժեշտությունը:
 
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն