Հինգշաբթի, 11 Դեկտեմբերի 2014

Մանուկյան Կարինե

Հայտնի խոհարարն ամանորյա ճաշացուցակ է առաջարկել

Հայտնի խոհարարն ամանորյա ճաշացուցակ է առաջարկել

 Հայկական խոհանոցի ուտեստները կարող են ամանորյա սեղանի իսկական զարդ դառնալ: Հայտնի խոհարար, ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման՚ հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը տոների նախաշեմին ամանորյա հետաքրքիր ճաշացուցակ է առաջարկել:


ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Մամուլյանը կոչ է արել Ամանորին հայկական ազգային խոհանոցի առնվազն 2-3 ծիսական ուտեստ պատրաստել: Դրանց թվում է քաշիկան: Այս ուտեստը պատրաստվում է կավե ամանի մեջ թոնիրում, սական տնային պայմաններում թոնիրին լիովին կարող է փոխարինել ջեռոցը: Քաշիկան` շերտերով դասավորված միս և ձավարը, չեն խառնում, ինչը խորհրդանշում է խաղաղություն գալիք տարում: 


Եվս մեկ հետաքրքիր ուտեստ է տարեհացը`քաղցր հացը, որի մեջ կոպեկ է դրվում, և ում բաժին է հասել կոպեկը, տարին նրա համար հաջող է լինում: Ղափաման`դդումի մեջ եփած բրինձ, չրեր, ընկույզ և մեղր, երկրագնդի և մարդկության խորհրդանիշ է: Անուշապուրը`ձավարով և չրերով քաղցր ապուրը, նույնպես ծիսական նշանակություն ունի: ՙԱյն մատուցվում է, որպեսզի նոր տարին քաղցր լինի՚,-ասել է Մամուլյանը:


Նրա խոսքով, վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ հայկական ազգային խոհանոցի նկատմամբ: ՙԴա պատահական չէ, քանի որ ավանդական և ծիսական ուտեստները կարող են ոչ միայն զարդարել տոնական սեղանը, այլ նաև հաճելիորեն զարմացնել հյուրերին՚,- նշել է խոհարարը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն