Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ Ոստիկանությունը`ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, Հայաստանի քրեաօլիգարխիկ ռեժիմի ՙպահապան հրեշտակի՚ գործառույթ է ստանձնել, ապրիլի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՙՊատժելով ոստիկաններին լրագրողների նկատմամբ բռնության վերջին երկու դեպքի համար`Գասպարյանն ապացուցեց, որ հանցագործություն տեղի է ունեցել: Բայց եթե այն տեղի է ունեցել, ինչու ընդդիմադիր լրագրողին, ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկած իրական հանցագործները մինչ այժմ ազատության մեջ են գտնվում`չնայած նրանց անձը հայտնի է՚,-ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը: Ըստ որում, նա շտապել է ավելացնել, որ Ոստիկանությունն զբաղված է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների հանցագործությունների հետքերը թաքցնելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։ Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ ՙոչ յուրային՚ լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Արամ Պապայանը։ ՀԱԿ-ը նշում է, որ լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետեւել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Նշենք, որ օրերս ծեծի էր ենթարկվել ՀԱԿ ևս մեկ ակտիվիստ`Ալիկ Սարգսյանը, ով Երևանի Աջափնյակ համայնքում փորձում էր նախընտրական նյութեր բաժանել: