Հայաստանի Վերահսկիչ Պալատի ստուգումների արդյունքները մի շարք չարաշահումներ են բացահայտել: Այս մասին է նշվում ՎՊ պաշտոնական կայքում:
Աղբյուրի համաձայն, փաստաթղթում նշվում է, որ ստուգվել են քաղաքապետարանի կողմից 22 օբյեկտներում իրականացված շինարարարական, ինչպես նաև վերանորոգման աշխատանքները: Իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ 510.34 մլն.դրամից 8.2 մլն.դրամը պարզապես հավելագրված են, իսկ 24.8 մլն.դրամ ծախսվել է անորակ շինարարությանը: Բացի այդ, քաղաքապետարանի կողմից հիմնված ՙՆոր Բարեկարգում՚ ընկերությունը պետք է Եռաբլուրի մոտակայքում, Իսակովի պողոտայի հարևանությամբ, իրականացներ ծառատունկ: Արդյունքում, ոչ մի ծառ չի տնկվել, իսկ չտնկված ծառերի դիմաց ծախսվել է 10 մլն.դրամ:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայ Ազգային Կոնգրեսը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրել էր խաբեբայության և փողերի լվացման մեջ: ՙԵրբ մենք խոսում էինք այս փաստերի մասին, Հանրապետական կուսակցությունը մեզ խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին: Մենք միշտ կարեւորել ենք երկխոսությունը քաղաքական ուժերի հետ եւ որոշ դեպքերում նաեւ պատրաստ ենք դիմել իրենց խորհուրդներին: Սա հենց այդ դեպքերից մեկն է, մենք սիրով լսեցինք Հանրապետականի խորհուրդը, սիրով կատարում ենք՚, - հեգնեց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ ՙԻ դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով: Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ եւ մեր մեղադրանքը հիմնավորել ենք լրջագույն փաստերով՚,- ասել է նա:
Նա նաև ներկայացրել է, որ, թե ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի, ինչքան են եղել Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտները: Պարոն Զուրաբյանի ներկայացմամբ, 2005-ին մեկ տարվա եկամուտը կազմել է 7 միլիոն 392. 000 դրամ, 2007-ին`64 միլիոն դրամ, 50.000 դոլար եւ ութսուն միլիոն դրամի ոսկե զարդեր: Իսկ 2013-ին՝ 115 միլիոն դրամ, 50.000 եվրո, 50.000 դոլար, բնակարաններ, 50 տոկոս բաժնետոմսեր Z and Z տաքսի ծառայությունում: Պարոն Զուրաբյանի խոսքերով, Ավան վարչական շրջանի ղեկավար եղած տարիներին Տ. Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ, իսկ նախորդ հայտարարագրերում նա մշտապես նշել է, որ ժառանգություն ստացած, ձեռնարկատիրությունից օգնության կարգով ստացված գույք չունի, կողմնակի եկամուտ չունի. ՙԱյս տարի Տարոն Մարգարյանն արդեն հայտարարագրել է մի ունեցվածք, որը ամենահամեստ գնահատականներով գնահատվել է մոտ վեց միլիոն դոլար, որը մեր գնահատականներով գերազանցում է տասը միլիոն դոլարը, և որեև աղբյուր, որը կկարողանար հիմնավորել նրա եկամուտը, գոյություն չունի: Այս ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով: Այլընտրանք չի կարող լինել: Ոչ միայն այս գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, այլև թաքցվել է այդ գույքի ծագման աղբյուրը: ՀԱԿ-ը ուսումնասիրելով այդ փաստերը՝ կազմել է նամակ, գլխավոր դատախազին ուղղված, քրեական պատասխանատվության կանչելու Տարոն Մարգարյանին՚,-նշել է Լ.Զուրաբյանը: