Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո կյանքը կշարունակվի, այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, նախագիծը, որը Եվրամիությունը նախատեսում էր իրականացնել, ձախողվել է, բայց ոչ Հայաստանի պատճառով, այլ` Ուկրաինայի: ՙԵթե խոսենք Հայաստանի մասին, այստեղ ընտրությունն ակնհայտ է, քանի որ այն ունի անվտանգության խնդիր, և Հայաստանի ցանկացած նախագահ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կընդուներ նույն որոշումը, ինչ Սերժ Սարգսյանը՚,- ընդգծել է քաղաքագետը: Ըստ որում, նա ավելացրել է, որ Ուկրաինան չունի անվտանգության հարց, բայց այն կանգնած է տնտեսական կոլապսի խնդրի առաջ, և Վիկտոր Յանուկովիչը, գիտակցելով դա, հրաժարվել է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից:
Միաժամանակ Իսկանդարյանը գտնում է, որ Ռուսաստանը ՙհետաձգել է՚ Մոլդովայի նկատմամբ ճնշումը, և իրադարձություններն այդ երկրում կսկսեն զարգանալ հաջորդ տարի նախատեսված նախագահական ընտրություններից հետո, որոնցում, փորձագետների կանխատեսումների համաձայն, կհաղթեն կոմունիստները: ՙԻնչ վերաբերում է Վրաստանին, Ռուսաստանի մոտ մեծ հաշվով ճնշման գործիքներ չեն մնացել. պաշտոնական Թբիլիսին կորցրել է այն ամենը, ինչ կարող էր՚,- նշել է նա:
Փորձագետի խոսքով, հետագայում Եվրոպան չի հրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից, և պաշտոնական Երևանը չի հրաժարվի ԵՄ-ից. համագործակցությունը կշարունակվի այն չափով, որքանով հնարավոր կլինի:
Իսկանդարյանը նաև ընդգծել է, որ լուրջ փոփոխություններ տարածաշրջանում պետք չէ սպասել: ՙՌուսաստանին ձեռնտու չէ Հարավային Կովկասում հակամարտությունների լիակատար կարգավորումը, բայց պատերազմն էլ վերջինիս ձեռնտու չէ՚: