Հայաստանի շարքային քաղաքացիներն իրենց վրա կզգան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան պետական այցի արդյունքները, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, գազի և նավթամթերքի գների 30% նվազումը չի կարող իր դրական հետքը չթողնել Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման վրա: Շարմազանովը նաև նշել է, որ Պուտինի այցը հայ-ռուսական ռազմատեխնիկական և ռազմաստրատեգիական դաշնակցային հարաբերությունների վկայությունն է: ՙՄենք ապրում ենք մի երկրում, ուր առաջնահերթ է անվտանգության խնդիրը, և չունենալով անվտանգության երաշխիքներ`մենք չենք կարող խոսել սոցիալական և տնտեսական բարեփոխումների մասին՚,- նշել է նա:
Մեկնաբանելով Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները`Շարմազանովը հայտարարել է, որ ցանկացած գերտերություն իր աշխարհաքաղաքական շահերն ունի: ՙԵրբ մեր ռազմավարական գործընկերն ասում է, որ չի լքի Հարավային Կովկասը, դա նշանակում է, որ ռուսական ռազմակայանը կմնա Հայաստանում, ինչը թույլ կտա հանրապետությանը ռազմական տեխնիկա ձեռք բերել Ռուսաստանի ներշուկայական գներով՚,- հայտարարել է Շարմազանովը: