Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին:
Համաձայն ծրագրի՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների, ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի`ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
Խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ ՙԳյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց՚ ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:
Այսպիսով, ՙԱռողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում՚,- նշում է Կարեն Անդրեասյանը և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:
Պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել ՙԵրեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին՚ հրամանի դրույթներն ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը: