Մինչև ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև փոխհամաձայնություն ձեռք չբերվի, որևէ տեղաշարժ հարաբերություններում պետք չէ սպասել, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, աշխարհն արդեն միաբևեռ չէ, և առանց Ռուսաստանի ու Չինաստանի կարծիքը հաշվի առնելու` Արևմուտքը չի կարող որոշումներ կայացնել: ՙԵթե Եվրասիական փոխգործակցության անհրաժեշտություն կա, հարկավոր էր համագործակցություն հաստատել միմյանց հետ, այլ ոչ թե մրցավազք սկսել և ճնշում գործադրել այս կամ այն երկրի վրա՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով վիլնյուսյան գագաթնաժողովին և Ասոցացման համաձայանգրին`Դեմոկրատական կուսակցության նախագահն ընդգծել է, որ ստորագրվելիք համաձայնագրերը, հատկապես նման նշանակության, պետք է հասանելի լինեն հասարակայնությանը, որպեսզի այն կարողանա հասկանալ ու գնահատել այն ամենը, ինչի հետ հետագայում կարող է բախվել: ՙՄինչ այժմ մենք չգիտենք, թե ինչ է ներառել Ասոցացման համաձայնագիրը և որքանով է այն ձեռնտու եղել հայկական կողմի համար՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչն ավելացրել է, որ Մաքսային միությանն ինտեգրման հարցում Հայաստանի քաղաքացիները պետք է ամբողջովին իրազեկված լինեն: Նա նաև գտնում է, որ ՄՄ-ին ինտեգրվելու դեպքում պաշտոնական Երևանը պետք է լուծի կոռուպցիայի, մոնոպոլիաների հետ կապված խնդիրները, պետք է կրճատի աղքատության մակարդակը. երկիրը պետք է մրցունակ դառնա:
Դեմկուսի ղեկավարը գտնում է, որ այս կամ այն միությանն ինտեգրման ուղին ընտրած ցանկացած երկիր կորցնում է իր ինքնիշխանության մի մասը: ՙՆույնը տեղի է ունենում Եվրամիությունում, և դա կլինի նաև Մաքսային միությունում՚,- ասել է նա: