«Վիմպելկոմը» Հայաստանում վերջին 8 տարիներին ներդրել է
ավելի քան 350 մլն.դոլար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ
զրույցում տեղեկացրել է «Վիմպելկոմ» խմբի կորպորատիվ կոմունիկացիաների գծով տնօրեն
Բոբբի Լիչը: «Անկասկած է, որ Վիմպելկոմը կշարունակի ներդրումներն այս շուկայում,
բայց հստակ թվեր չեմ կարող նշել»,-ասել է նա:
Անդրադառնալով «Beeline Armenia» բրենդի
գործունեությանը, նա ընդգծել է, որ «Բիլայն» բրենդը բավականաչափ ուժեղ է և կայուն
դիրք ունի բոլոր երկրներում, որտեղ ներկայացված է: «Հարցը բարդանում է նրանով, որ
այդ շուկաներում մենք հանդիսանում ենք նախաձեռնողներ, իսկ որոշ երկրներում` նաև
առաջատար օպերատորներ: Որպես օրինակ կարող եմ նշել «Կիևսթարը»: Իսկ «Beeline
Armenia» բրենդի հետ կապված կարող
եմ նշել, որ նրա սպասարկման գրասենյակներից մեկն այցելելուց հետո հիացած էի, քանի
որ նման գրասենյակ չէի տեսել մեր բրենդի ներկայացման երկրներում»,-հայտարարել
է նա:
ԱրմԻնֆո-ի հարցին, կապված աշխարհում ընկերության դիրքերի
բարձրացման հետ, Բոբբի Լիչը պատասխանել է, որ «Վիմպելկոմն» առաջատարների
տասնյակում է, զբաղեցնելով 6-րդ տեղը: «Մենք վաճառքների կամ մյուս ցուցանիշների
գծով թիվ մեկ ընկերություն դառնալու նպատակ չունենք: Մենք ցանկանում ենք դառնալ
որակյալ սերվիսի առաջատար: Բերեմ Իտալիայի օրինակը, որտեղ մենք ներկայացված ենք
«Wind» բրենդով, և որտեղ հանդիսանում ենք այդ շուկայի 3-րդ օպերատորը, բայց վերջին
3 տարիներին գրավում ենք շուկայի էլ ավելի շատ հատվածներ, դուրս մղելով մեր
մրցակիցներին: Այդ միտումն արդեն դարձել է ավանդույթ: Մեր ձեռքբերումներն արդյունք
են այն բանի, որ բաժանորդներին առաջարկվող ծառայությունները պատասխանում են
սերվիսի որակի և զանազանության նկատմամբ նրանց պահանջներին: Ընդ որում, մենք մեր
գործունեության շեշտը դնում ենք սպասարկման որակի մշտական բարձրացման վրա: Կարող
է, որ մենք առայժմ չկարողանանք դառնալ առաջատար, բայց հաստատ գիտենք մի բան, որ
ընթանում ենք ճիշտ ճանապարհով և ճիշտ մենեջմենտով»,-մեկնաբանելո է նա:
Ըստ «Վիմպելկոմի» համախմբված հաշվետվության, 2013
թվականին ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է ավելի քան 22,5 մլրդ.դոլար,
կապիտալ ծախսերը`4,3 մլրդ.դոլար, իսկ EBITDA մարժան կազմել է 36.6 %: 2014-ի I
եռամսյակի արդյունքներով խոիմբն ապահովել է ավելի քան 5 մլրդ.դոլարի գործառնական
եկամուտ, կապիտալ ծախսերը կազմել են 736 մլն.դոլար, EBITDA մարժան ավելացնելով մինչև
41.6 %: 2013-ի ավարտին խումբն ուներ 220 միլիոն բաժանորդ, որոնց մոտ 26% - ը
Ռուսաստանից է, ավելի քան 17% -ը`Պակիստանից, 13% - ը`Բանգլադեշից, ավելի քան
10%-ը`Իտալիայից, մոտ 12% -ը`Ուկրաինայից, իսկ Հայաստանի և Կանադայի մասնաբաժինը
կազմում է ընդամենը 0,3 %:
«Beeline Armenia»-ի ընդհանուր գործառնական եկամուտը
2013-ին կազմել է 145 մլն.դոլար, կապիտալ
ծախսերը`11 մլն.դոլար, EBITDA մարժան` 39.4%: Ընդ որում, միայն բջջային կապի գծով
օպերացիոն եկամուտը կազմել է 64 մլն.դոլար, ֆիքսված կապինը` 81 մլն. դոլար: 2014
թվականի առաջին եռամսյակում «Beeline Armenia» ապահովել է 33 մլն.դոլարի գործառնական շահույթ, կապիտալ ծախսերը կազմել
են 1 մլն.դոլար, իսկ EBITDA մարժան կազմել է 36.6 %: Միայն բջջային կապից
ընկերության գործառնական եկամուտն առաջին եռամսյակում կազմել է 14 մլն.դոլար, իսկ
ֆիքսված կապից` 19 մլն.դոլար: 2013-ի ավարտին «Beeline Armenia»-ն ուներ 694 հազար
բաժանորդ, որոնց թիվը 2014-ի առաջին եռամսյակում 699 հազարով:
Հիշեցնենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,
այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում,
Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում,
Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում,
Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում,
Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ
աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի
ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice»,
«Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy»
ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների
թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ
բորսայում VIP նշումով: