Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա: Ինչպես հայտնում է Anadolu-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը դատապարտել է Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը և հայտարարել. ՙՈրպես առաջին քայլը՝ մենք հետ կկանչենք դեսպանին Բեռլինից: Գերմանիայի խորհրդարանի այդ որոշումն իրականում լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա: Մենք կգնահատենք իրավիճակը, ինչից հետո անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՚:
Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:
Նշենք, որ այսօր Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան:
Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: