Վրաստանի նախագահական ընտրություններում ՙՎրացական երազանք՚ կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո Աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը զգալիորեն մեծացել է, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, ընտրություններից հետո Վրաստանի արտաքին քաղաքականությունում առանձնակի փոփոխություններ չեն լինի: Սակայն, նրա կարծիքով, կարող են որոշակի փոփոխություններ տեղի ունենալ վրաց-ռուսական հարաբերություններում: ՙԲացառված չէ, որ վերջիններս մի շարք երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերեն, այդ թվում`երկաթուղու վերագործարկման առնչությամբ՚,- նշել է փորձագետ:
Խոսելով Վրաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի փոխհարաբերությունների մասին`Սաֆրաստյանը նշել է, որ նորընտիր Մարգվելաշվիլին դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել այդ հարևանների հետ արտաքին քաղաքականության առնչությամբ: Փորձագետի խոսքով, պետք չէ նաև մոռանալ, որ այժմ Վրաստանի առաջին դեմքը ոչ թե նախագահն է, այլ`վարչապետը: