Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ դրա վկայություններից է նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Ազգային ժողովի և Իրանի Մեջլիսի միջև համագործակցությանը, կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ: Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը` կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները: Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: -0-