Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` AmagerBio ակումբում:
Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ: Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում: Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ: Եվրատեսիլ-ում Dorians-ը կներկայանա Lonely Planet երգով: Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը: 1 600 հանդիսատեսի համար նախատեսված AmagerBio ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ: Ապրիլի 27-ին ակումբում հանդես էր եկել trash metall ոճի առաջատարներից մեկը` Overkill խումբը: