Հայաստանի օմբուդսմենը ոչ մի պարտավորություն չունի իշխանության կուսակցության հանդեպ, և անհրաժեշտության դեպքում իրավունք ունի նրան քննադատել: Այդ մասին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է այսօր մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե 2011 թվականին պաշտպանի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ որքանով գոհ է նրա գործունեությունից:
Անդրեասյանը հիշեցրել է, որ 2011 թվականի մարտին իրեն ընտրել է խորհրդարանական մեծամասնությունը, նրա օգտին քվեարկել է այն ժամանակվա կոալիցիան` ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի, և եթե Ազգային ժողովը մի պահ դժգոհ լինի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից, ապա կարող է կազմակերպել նոր օմբուդսմենի ընտրություններ: ՙԵս երախտապարտ եմ կառավարող կոալիցիային իմ նկատմամբ վստահության հնամար, սակայն ես նրան ոչնչով պարտական չեմ՚, - ասել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ իր ամենամյա զեկույցում օմբուդսմենը քննադատության էր ենթարկել Երևանի քաղաքապետի գործունեությունը, ինչը բավականին բացասական արձագանք է հարուցել իշխանության կուսակցության մի շարք ներկայացուցիչների շրջանում: