Գերտերությունների`ԱՄՆ և Ռուսաստան, արձագանքը Քեսաբի իրավիճակին համարժեք չէ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, տվյալ դեպքում ադեկվատ կլինեին հստակ քաղաքական գործողությունները կամ ուժի գործադրումը: ՙԿարծում եմ`այդ հարցի առնչությամբ գերտերությունների հայտարարությունները հայկական սփյուռքի ակտիվ աշխատանքի արդյունքն են՚,- նշել է նա:
Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արձագանքն այդ դեպքում, Մինասյանը նշել է, որ պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է Քեսաբի իրադարձություններին: ՙԻնչպես հասկանում եմ, քեսաբահայերը չեն պատրաստվում լքել Սիրիան ու իրենց տները: Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վրա, որն իր հերթին պետք է համարժեք գնահատական տա կատարվածին: Այնուհետև պետք է միջոցներ ձեռնարկվեն Քեսաբի հայերի վնասի փոխհատուցման ուղղությամբ՚,- ասել է Մինասյանը: