Ադրբեջանը խոչընդոտներ կստեղծի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման ճանապարհին, քանի որ դուրս է մնացել այդ գործընթացներից, այսօր լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`մեկնաբանելով Հայաստանի և Արցախի սահմանին մաքսակետ տեղադրելու վերաբերյալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը:
Նրա խոսքով, Նազարբաևը միջնորդավորված է խոսել, ոչ իր անունից`ընթերցելով Ադրբեջանի նախագահի նամակը: Ըստ որում, քաղաքական գործիչը հայտարարել է, որ Նազարբաևի ելույթն իրեն չի զարմացրել, քանի որ Ղազախստանն ի սկզբանե հանդես է եկել Ադրբեջանի և Թուրքիայի շահերի պաշտպանի դերում: ՙ
Որքան շատ է խոսվում Հայաստանի լիիրավ անդամակցության մասին, այնքան շատ են այդ հարցերը սրվում, քանի որ Ադրբեջանը դուրս է մնացել այդ գործընթացներից և կանի ամեն բան, որպեսզի Հայաստանը չանդամակցի Միությանը և այդպիսով չամրապնդի իր դիրքերը՚,- ընդգծել է քաղաքական գործիչը: Ռուստամյանը նաև նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ առիթ և հնարավորություն կունենա Ղազախստանի նախագահին պատասխանելու համար:
ՙՔաղաքականությունը КВН չի, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես՚,- ասել է պատգամավորը: Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրն ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարներն, ի պատասխան, առաջարկել են այդ հարցը քննարկել ժամանկին` մինչև հուլիսի 1-ը, ընդգծելով, որ Հայաստանը պետք է կատարի միության մասնակիցների կողմից ներկայացվող բոլոր պահանջները:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կրկին հայտարարել է, որ պետք է հաշվի առնվի ղարաբաղյան հարցը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում անդամակցել է ԱՀԿ-ին: ՙՄենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար՚, - ասել է Ղազախստանի նախագահը: