Ապրիլի 1-ից Հայաստանում մեկնարկելու է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը = MNP (mobile number portability), այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Նա նշել է, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն հնարավորություն է տալիս բաժանորդներին, առանց խոչընդոտների և անվճար փոխել շարժական կապի իր օպերատորին՝ պահպանելով իր գործող հեռախոսահամարը: Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացը իրականացվելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՙմեկ պատուհանի՚ սկզբունքով` դիմում ներկայացնելով միայն նախընտրելի օպերատորին:
Բաժանորդները կարող են օգտվել նշված ծառայությունից համարի տեղափոխելիությանը հաջորդող վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ: Հանձնաժողովի կողմից կանոնակարգվել է նաև հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը: Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է, բաժանորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այն սարքերը, որոնց ապակոդավորումը սարք արտադրողի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, ապա օպերատորի կողմից ապակոդավորումն ապահովվում է առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատասխանելով լրագրողների հարցերին`Արաբաջյանը նշել է, որ MNP ներդրումը կարող է առաջ բերել շուկայում մրցակցային պայքարի խստացում, ինչպես նաև սակագնային դեմփինգի կիրառում: Որպես կանոն`նման համակարգի ներդրման նախաձեռնությամբ հանդես են գալիս երրորդ կամ չորրորդ բջջային օպերատորները, որոնք համեմատաբար վերջերս են շուկա մուտք գործել: /Հայաստանի դեպքում երրորդ օպերատորը Orange Armenia-ն է, որը տվյալ պահին հաճախորդների ամենափոքր բազան ունի-խմբ./: Թե ինչպիսին կլինի բաժանորդների միգրացիան, Արաբաջյանը դժվարացել է ասել`նշելով, որ, համաշխարհային փորձի համաձայն, այդ տոկոսը չի գերազանցում շրջանառության 1,5%-ը: