Հայաստանում տաք ձմեռ է սպասվում: Ինչպես հաղորդել է ԱԻՆ
հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի վարիչի
տեղակալ Գագիկ Սուրենյանը մամուլի ասուլիսում, դեկտեմբերին հանրապետությունում
ջերմաստիճամը սպասվում է նորմային մոտ, իսկ տեղումները` նորմայից շատ: Ամենատաք
օրերը կլինեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում. Ցերեկը մայրաքաղաքում սպասվում է
մինչև 8-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում` 7-9 աստիճան, լեռնային շրջաններում` 4-6
աստիճան տաքություն: Առաջիկա 10 օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կլինի 2-4
աստիճանով նորմայից բարձր:
Դեկտեմբերի երկրորդ և
երրորդ տասնօրյակներում Հայաստանում առանձին օրերի կդիտվի ջերմաստիճանի նվազում:
Համատարած կդիտվեն նորմայից շատ տեղումներ, լեռնային շրջաններում կձևավորվի
հաստատուն ձնածածկույթ:
Հունվարն ու փետրվարը
կլինեն համեմատաբար տաք: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից 2-3
աստիճանով բարձր, սպասվում են տեղումներ: Քանի որ ձմռանը տաք է լինելու, չի
բացառվում, որ Տավուշի և Սյունիքի, ինչպես նաև Արարատյան հարթավայրերում առանձին
օրերի անձրև տեղա:
Այսպիսով, ձմռանը, հատկապես, հունվարին և փետրվարին, ջերմաստիճանային
ֆոնը կլինի կլիմայական նորմայից բարձր: