Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:
ՙՀենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն՚,- ասել է նախագահը:
Անդրադառնալով Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տևած դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` Սերժ Սարգսյանը նշել է, ՙԹեև արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով՚:
Խոսելով վիլնյուսյան այս գագաթնաժողովից ակնկալիքների մասին` նախագահը նշել է. ՙՄենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան՚: