ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը դիմել է ԵԽԽՎ ղեկավարությանը, ռասիզմը և այլատյացություն տարածելու համար Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ անհապաղ գործողություններ ձեռնարկելու խնդրանքով, իսկ համապատասխան իրավապահ մարմինների և բուժհաստատությունների ղեկավարների նկատմամբ հետաքննություն սկսել` Հրաչյա Հարությունյանին նվաստացնելու փաստով, դատարանի դահլիճ նրան կանացի խալաթով բերելու համար:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուբույեն Յագլանդին, ԵԽԽՎ մի շարք ղեկավարներին, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բյուրոյի ղեկավար Տիկին Եվա Սմիթին և բյուրոյի անդամներին ուղղված իր բաց նամակում Փոստանջյանը տեղեկացրել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախատման մասին, ով ձերբակալվել էր 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Նովայա Մոսկվա քաղաքի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: Նա գտնում է, որ պատահարից հետո Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել:
ՙ2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած պատահարի արդյունքում զոհվել է 18 մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Հրաչյա Հարությունյանը, ով հանդիսացել է անսարք վիճակում գտնվող ՙԿամազ՚ ավտոմեքենայի վարորդը, որը պատկանում է մասնավոր ընկերության, ստացել է մարմնական վնասվածքներ և առանց բուժօգնության տեղափոխվել դատարան ու իսկույն ձերբակալվել: Ներկա պահին նա գտնվում է մոսկովյան ՙՄոսկովսկայա տիշինա՚ մեկուսարանի հիվանդանոցային բաժանմունքում՚:
Փոստանջյանի համոզմամբ, ՙնման դրամատիկ պատահարը կարող էր տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով Եվրոպայի Խորհրդի անդամ, չլիներ կոռումպացված երկրներից մեկը՚: ՙԲոլորիս հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում տիրող համատարած կոռուպցիան, հայտնի են արդարդատության համակարգի արատները, բայց, երբ այս ամենին գումարվում է ռասիզմը և այլատյացությունը, ակհայտ վտանգվում է ոչ միայն իրավունքի գերակայությունը, այլ նաև բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում այլ ազգի ներկայացուցիչների կյանքի և արժանապատվության իրավունքը՚,-ընդգծում է ԵԽԽՎ կոմիտեի մշտական ներկայացուցիչը:
Փոստանջյան իր գործընկերներին խնդրում է նաև անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ՙՌոսիյա 1՚ ՙԼուրեր՚ հաղորդաշարի լրագրող Օլգա Սկոբեևային, նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով հանդես գալու՝ տղամարդու ազգային պատկանելության վրա հատկապես շեշտադրում կատարելու համար, ինչպես նաև իրավապահ մարմինների և բժշկական հաստատության ներկայացուցիչների նկատմամբ անհապաղ քննություն սկսել` Հրաչյա Հարությունյանի պատիվը և արժանապատվություն նվաստացնելու փաստով: