Ոչ իշխանական
խորհրդարանական ուժերը, «Ժառանգությունից» բացի, բացասաբար են գնահատում
խորհրդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ որոշման
նախագիծ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, իրենք չեն միանա այդ նախաձեռնությանը
և իրենց ստորագրությունները չեն դնի
փաստաթղթի ներքո:
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է, թե այդ
նախաձեռնությունը, պարզապես, լուրջ չէ: Նրա ասելով, ոչ իշխանական եռյակի առջև
(ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») նման խնդիր դրված չէ:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը միակն է
ոչ իշխանական խորհրդրաանական ուժերի ներկայացուցիչներից, ով դրական է արտահայտվել
Փաշինյանի նախաձեռնության մասին: «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը կքննարկվի
«Ժառանգություն» խմբակցությում և, անհրաժեշտության դեպքում, կուսակցության
վարչությունում: Դա դրական քաղաքական քայլ է, և Փաշինյանը համարձակ կարող է այն
ներկայացնել «Ժառանգությանը»: Կարծում եմ, որ դրան միանալու առնչությամբ մենք
խնդիրներ չենք ունենա», - ասել է Մարտիրոսյանը, միևնույն ժամանակ թերահավատություն
հայտնելով այդ փաստաթղթի ճակատագրի առնչությամբ, քանի որ, եթե անգամ Փաշինյանը 44 պատգամավորի ստորագրություն
հավաքի այն ԱԺ օրակարգ մտցնելու համար, կառավարող մեծամասնությունը կմերժի
նախագիծը:
ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ
խմբակցությունն անպայման կքննարկի Փաշինյանի նախաձեռնությունը: Սակայն մեկ օր առաջ
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր` Լյուդմիլա Սարգսյանը, հայտարարել էր, որ Փաշինյանի
նախաձեռնությունը, պարզապես, անիմաստ է, քանի որ կառավարող կուսակցությունը,
միևնույն է, այն կմերժի:
Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը սահմանաափակվել է
հետևյալ պատասխանով. «Չկա փաստաթուղթ` չկա կարծիք: Մենք ոչինչ չենք կարող ասել,
քանի դեռ նա մեզ փաստաթուղթը չի ներկայացրել»:
Փաշինյանի նախաձեռնության նկատմամբ ոչ պակաս
թերահավատորեն է տրամադրված նաև ԱԺ
փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ ընդդիմադիր գործչի
նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանի որ ոչ իշխանական ուժերն այն չեն
պաշտպանում:
Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի
հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանն իր հերթին ԱրմԻնֆո-ի թղթակցին
հայտարարել է, թե Հայաստանում ոչ իրավական, ոչ քաղաքական նախադրյալ չկա իմփիչմենթի
գործընթացի համար, հետևաբար, Փաշինյանի նախաձեռնությունն ինքնանպատակ է: «Այժմ
հայկական ընդդիմության ճամբարում էպատաժի մրցություն է ընթանում: Ով որ հանդես կգա առավել աղմկահարույց
նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ, ծափահարությունները` նրան», - նշել է
Սահակյանը, ընդսմին հավելելով, թե ընդդիմությունն իր առաջարկությունների
իրագործմանը կարող է հասնել, ավելի շուտ, կառուցողականությամբ, քան`
արմատականությամբ:
Հիշեցնենք,
որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախապատրաստել է «Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանին իմփիչմենթ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, որը մտադիր է
ԱԺ-ում շրջանառության դնել նոյեմբերի 28-ին: Փաստաթուղթն օրակարգ մտցնելու համար
դրա ներքո պետք է հավաքվի 44 պատգամավորի ստորագրություն: