Եթե Վերահսկիչ պալալտի կողմից արձանագրված չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:
Նա նշել է, որ ՎՊ իր հաշվետվությունում հստակ մեղադրանքներ է առաջադրել գործադիր իշխանության կողմից ուղղակի հանցագործողությունների համար: Ընդ որում կառավարությունն ընդունում է, որ եղել են բացթողումներ, սակայն դրանք հանցագործություն չի համարում: ՙԱնընդունելի է, երբ, մի կողմից, հրապարակավ հայտարարվում է պետական միջոցների յուրացման մասին, իսկ մյուս կողմից դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Ստացվում է, որ կամ ՎՊ-ն է ստում, կամ` կառավարությունը: Սակայն դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: Եվ այդ ինչ-որ մեկը պատահական պաշտոնյա չէ՚, - հայտարարել է Մինասյանը, ընդգծելով, թե ստեղծվում է տպավորություն, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունները: Հիշեցնելով նախագահի ՙՀավատանք, որպեսզի փոխենք՚ խոսքերը` Մինասյանը, դիմելով իշխանություների ներկայացուցիչներին, հայտարարել է. ՙԳնդակը ձեր դաշտում է, պարոնայք իշխանություններ՚: