Հայաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու: Սա թեկնածուների վերջնական ցուցակն է, ովքեր արդեն գրանցվել են ՀՀ ԿԸՀ կողմից: Մնացած 7 հավակնորդները, ովքեր նույնպես որոշել էին մասնակցել նախագահական մրցապայքարին, դուրս են մնացել պայքարից. նրանից երեքը`Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը հանել են իրենց թեկնածությունները, չորսը`Ռոբերտ Սիմոնյան, Պավլիկ Սարգսյան, Մհեր Հայրապետյան և Նարինե Մկրտչյանը չեն կարողացել սահմանված ժամկետում`մինչև հունվարի 10-ը`14:00-ն, վճարել ընտրագրավը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունում:
Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8 թեկնածու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՙԱզգային ինքնորոշում՚ միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: