ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ շարունակում է համալրել իր ավտովարկերի ընտրանին և ներկայացնում է նոր բացառիկ վարկատեսակ` ՙԱվտովարկավորում անշարժ գույքի գրավադրմամբ՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, այժմ նոր կամ օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելը դարձել է ավելի հեշտ, քանի որ վարկը տրամադրվում է առանց հաճախորդի վճարունակության վերլուծության իրականացման: Բացի այդ մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում կանխավճարի իրականացում հաճախորդից չի պահանջվում: Վարկավորման հիմնական պայմաններն են. նվազագույն կանխավճար 0%` մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում, 10%` 5,5 մլն ՀՀ դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում: Վարկավորումն իրականացվում է ՀՀ դրամով` 17%
տարեկան տոկոսադրույքով: Վարկի մարման առավելագույն ժամկետը 5 - 7 տարի է, կախված այն բանից, թե ավտոմեքենան որ շուկայից է ձեռք բերվում` առաջնային թե երկրորդային: Վարկի առավելագույն գումարը մինչև 10 մլն ՀՀ դրամ է` կախված ավտոմեքենայի արտադրման երկրից:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ շարունակում է համալրել իր պրոդուկտային շարքը և առաջարկում է իր հաճախորդներին օգտվել ՙԱվտովարկավորում անշարժ գույքի գրավադրմամբ՚ բացառիկ առաջարկից: Բանկն իր հաճախորդներին տալիս է հնարավորություն` ստանալու ավտոմեքենայի ձեռքբերման վարկ` միայն աշխատանքի փաստը հաստատելով և առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Անշարժ գույքի գրավադրմամբ ավտովարկավորումը ՀՀ մանրածախ վարկավորման շուկայում մեծ պահանջարկ վայելող վարկատեսակ է, որի շնորհիվ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ձեռք բերել նոր և օգտագործված ավտոմեքենաներ: Մեր առաջարկը առավել արդիական է` հաշվի առնելով հաճախորդների` կանխավճարի հետ կապված դժվարությունները: Հենց այդ նախապայմանի բացակայությունը վկայում է Բանկի`իր հաճախորդների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի մասին: Բանկը համագործակցում է երկրում գործող գրեթե բոլոր ավտոսրահների հետ, ինչը իր հերթին ապահովում է ավտոմեքենաների լայն ընտրություն՚, - նշել է ՙՎՏԲ- Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգի տվյալներով, ըստ ավտովարկերի պորտֆելի ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ երրորդ դիրքն է զբաղեցնում երկրի բանկային շուկայում: 2012 թվականին այդ վարկերի ծավալը բանկն ավելացրել է 94 տոկոսով, իսկ 2013 թվականի առաջին եռամսյակում` 5 տոկոսով: Հայաստանի բանկերի ավտովարկերի միագումար պորտֆելում ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ բաժինը կամզում է ավելի քան 13 տոկոս: Իսկ բանկի սպառողական պորտֆելում ավտովարկերի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 4 տոկոս:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: