Մայիսի 5-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում կհաղթի ՙԲարև Երևան՚ դաշինքը, ապրիլի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ժամանակն է դադարեցնել կուսակցական մանրախնդրությունը և քվեարկել դաշինքի օգտին, որը վեր է կուսակցականությունից: ՙԴա հաղթանակի հասնելու և մեխանիզմ ստեղծելու միակ միջոցն է, ինչը երկրում դրական փոփոխությունների հնարավորություն կտա՚,- ընդգծել է նա: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ արդար ընտրությունների անցկացման դեպքում, եթե քաղաքան ուժերից որևէ մեկին չհաջողվի 40+1% ձայն ստանալ, ընդդիմությունն անպայման կհամախմբվի, և Երևանի հաջորդ քաղաքապետն անկուսակցական կլինի:
Նշենք, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին: Gallup International Association-ի տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները և վերջիններիս ընտրացուցակների առաջին համարները մայրաքաղաքային ընտրություններում կարող են հետևյալ տոկոսներն ստանալ. ՀՀԿ` 41%, ՙԲարգավաճ Հայաստան՚` 14,5%, ՙԲարև Երևան՚ դաշինք`7,9%, ՙՕրինաց երկիր՚ կուսակցություն` 3,7%, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցություն` 2,9%, ՀՅԴ` 3,1%, ՙԱռաքելություն՚ կուսակցություն` 0,3%:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տվյալներով, ՀՀԿ-ն ընտրություններում կարող է ստանալ 48,3%, ՙԲարգավաճ Հայաստանը՚` 18.1%, ՙԲարև Երևանը՚`7,4%, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությունը`4,4%, ՙՕրինաց երկիրը՚`4,2%, ՀՅԴ-ն` 2.2%: ՀՍԱ-ն կանխատեսում է նաև ընտրողների 60-80% մասնակցություն: