ՙԸնդդիմություն՚ հասկացությունը Հայաստանում վտանգի տակ է հայտնվել, տեղից վեր կացողն իրեն ընդդիմություն է անվանում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով, երբ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ընդդիմադիրի դերին, ընդդիմություն կոչվելն ամոթալի է դառնում: ՙՇուտով Սերժ Սարգսյանն էլ իրեն ընդդիմություն կհայտարարի՚,- նշել է նա: Ըստ Խզմալյանի, իրականում ներկայումս տեղի է ունենում ֆեոդալական կապիտալի վերաբաշխման երրորդ փուլը , որին մասնակցում են որոշակի խմբեր և կլաններ: Ներկայիս քաղաքական ընդհարումները, գտնում է նա, տեղի են ունենում հենց վերոհիշկալ գործընթացի շրջանակներում, սակայն ոմանք միամտաբար, իսկ ոմանք կանխամտածված շփոթում են դրանք քաղաքական պայքարի հետ: