ՀՀ Ազգային Ժողովն իր այսօր կայացած նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՙՀեղինակային և հարակից իրավունքների մասին՚ ՀՀ օրենքում:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից մեկի, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանի խոսքերով, առաջին անգամ է փորձ արվում կանոնակարգել ոչ միայն լրագիրներից, այլ նաև վեբ-կայքերից բերված նյութերի օգտագործումը: Հեղինակի համոզմամբ, այս հարցի կարգավորման անհրաժեշտութունը պայմանավորված է նրանով, որ ՏՏ ոլորտի արագ զարգացումը և զանազան կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն հրապարակել թերթերում հրապարակված նյութերը, որոնք հանդիսանում են սկզբնաղբյուր, և անգամ վերահրապարակել այդ նյութերը: Նման պայմաններում ողջ ինֆորմացիային ծանոթանալու համար ընթերցողին բավական է ընկնել մեկ վեբ-կայք, ինչի արդյունքում աճում են մյուս կայքերի այցելությունները: Հաշվի առնելով հայկական մի շարք ԶԼՄ-ների անհանգստությունը և առաջարկները, ինչպես նաև Հայաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորությունները և գոյություն ունեցող միջազգային փորձը, մշակվել է մի նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է օրենքը համալրել նոր` թիվ 22.1 ՙՏեղեկատվական նյութի կիրառման պայմանները՚ Հոդվածով: Ելնելով դրանից, մասնավորապես, նախատեսվում է, որ առանց հեղինակի համաձայնության և առանց նրան փոխհատուցելու հրապարակումներից և էլեկտրոնային ԶԼՄ-ներից նյութերի հատվածների վերատպագրումն իրականացվում է միայն դրված նպատակի արդարացված ծավալների շրջանակներում: Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև ՙՀեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին՚ Օրենքում լրացուցիչ ամրագրել մի դրույթ, որի համաձայն, անկախ վերարտադրման ծավալներից, հոդվածներից վերցված հատվածները չպետք է բացեն հոդվածի բովանդակությունը, չսպառելով առաջնային աղբյուրին դիմելու անհրաժեշտությունը:
Այլ թերթերից, լրագրերից, էլեկտրոնային հրապարակումներից հատվածներ հրապարակելու համար անհրաժեշտ է հզում կատարել սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային հրապարակումներից հատվածներ մեջբերելիս պարտադիր են հիպերհղումները: Նյութերի վերարտադրությունը պետք է բացառի բացասական ազդեցությունը պոտենցիալ ընթերցողների վրա: Նշվում է նաև, որ վերատպագրված նյութերի վերնագրերում սկզբնաղբյուրի անվանումը պարտադիր կարգով պետք է նշվի լատիներենով:
Օրինագծի հեղինակները նշված կարգը խախտելու համար առաջարկում են նաև 100-200 հազ.դրամ տուգանք: ՙԱյդ փոխհատուցումը չի ենթադրում ոչ վարչական, և ոչ էլ քրեական հետապնդումներ: Այլ խոսքերով, գումարը չի գանձվում պետբյուջեի օգտին, այլ պարզապես, մեկ սուբյեկտից անցնում է մյուսին: Այստեղ ԶԼՄ-ներն իրենք են որոշում, թե ինչպես վարվեն՚,- նշել է Հովհաննիսյանը: Նա նաև ընդգծել է, որ հայկական տեղեկատվական դաշտում գործում է համերաշխության սկզբունքը, իսկ լրագրողական եղբայրությունը մեկը մյուսին դատի չի տալիս: