Արցախյան պատերազմի վետերաններն այսօր հավաքվել են ՙԵռաբլուր՚ պանթեոնում`իշխանությունների դեմ պայքարի իրենց հետագա գործողությունները որոշելու նպատակով:
Հավաքի առիթ են հանդիսացել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Սուրեն Սարգսյանին, Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու հետ կապված վերջին միջադեպերը:
Ինչպես հայտարարել են ազատամարտիկները, հավաքվել են բոլոր նրանք, ովքեր մտահոգված են Հայաստանի ներկայիս վիճակով: ՙՄենք`ազատամարտիկներս, պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Հայաստանի վաղվա օրվա համար՚,- հայտարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը`ավելացնելով, որ իրենք այլևս չեն հանդուրժի որևէ անօրինականություն ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից:
Օրերս հարձակման ենթարկված ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն իր հերթին հայտարարել է, որ իրենց հնարավոր չէ ահաբեկել: ՙԲոլոր այդ հարձակումները մեկ շղթայի օղակներ են՚,- հավաստիացրել է նա:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ծեծի է ենթարկվել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ մի քանի օր առաջ` Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Բոլոր տուժածները հարձակումների համար մեղադրել են իշխանություններին: