Մայիսի 30-ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սարուխան եւ Նորատուս համայնքների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայփոստի մամուլի ծառայությունից, շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:
Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Սարուխանի և Նորատուսի բնակիչներին:
Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: