2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում: Արարողությանը
ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բորսայի
մամուլի ծառայությունից,
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Clearstream Banking
Luxemburg-ի միջև ստեղծված կապի միջոցով հնարավոր
դարձավ ապահովել ՀՀ եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկի իրականացումը
Հայաստանի ֆինանսական շուկայում, իսկ բորսայական առևտրին թույլատրումը իր հերթին կնպաստի
եվրապարտատոմսերի հասանելիության բարձացմանը հայաստանյան ներդրողների շրջանում:
«ՀՀ եվրապարտատոմսերը հանդիսանում են ոչ միայն ևս մի ներդրումային
այլընտրանք ՀՀ կապիտալի շուկայում, այլ նաև արտասահմանյան համակարգերում գրանցված առաջին
արժեթղթերը, որոնք շրջանառվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ինչը բավականին մեծ
նվաճում է և նախադեպ մեր շուկայի համար»,- նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն
Կոնստանտին Սարոյանը: Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության
պետ Արշալույս Մարգարյանը, ազդարարելով առաջին գործարքը, նշեց . «Որպես թողարկող, մեզ
համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր
տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում: Եվրապարտատոմսերի
նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ
հաջողվել են:»
Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ֆինանսների
նախարարության, թողարկել և հաջողությամբ տեղաբաշխել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով,
7 տարի մարման ժամկետով և 6.0% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր:
Մեկնաբանելով
երկրի տնտեսական իշխանությունների նոր նախաձեռնության դրական և բացասական կողմերը,
փորձագետները նշում են, որ եվրաբոնդերի թողարկման շնորհիվ Հայաստանը կարող է
առաջացնել օտարերկրյա ներդրողների երկարաժամկետ հետաքրքրությունը, ոչ միայն
գանձապետական արժեթղթերի, այլ նաև կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ: Իսկ ներկայիս
նախաձեռնությունը, գտնում են նրանք, հայկական ընկերություններին անպայման կմղի,
որպեսզի իրենց պարտատոմսերը դուրս բերեն արժեթղթերի շուկա: