Հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառումը: Փառատոնի համերգային ծրագրերի շարքը մեկնարկեց ՙԱրս լունգա՚ դուետի նոր նախագծի` ՙՀայ կամերային երաժշտության անթոլոգիա՚ (Մաս I. Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար) ձայնասկավառակների շնորհանդեսով:
ՙԱրս Լունգա՚ դուետի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում թողարկվել է խտասկավառակների նոր հավաքածու: Իրականացվել է հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ եզակի մի ծրագիր, որը կրում է ՙՀայ կամերային երաժշտության անթոլոգիա՚ խորագիրը: Նախաձեռնության իրականացման գաղափարը ՙԱրս լունգա՚ դուետինն է (Արամ Թալալյան և Ջուլիետա Վարդանյան): Այն կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի շնորհանդեսն իրականացվել է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառման շրջանակում:
Ծրագիրը ներառում է 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը ներկայացնող հայ ակադեմիական երաժշտական մտքի լայն սպեկտր,այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ: ՙԱրս լունգա՚ դուետը հավաքել է 20-21-րդ դդ. հայ 60 կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, դրանք կատարվել և ձայանգրվել են` ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփն (12 ձայնասկավառակ) ամփոփում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:
ՙՀոգևոր ժառանգությունը բաց մատյան չէ և հնարավոր չէ այն մեկ ակնթարթում ներկայացնել աշխարհին: Խելացի է այն ազգը, որին հաջողվում է դա անել իմաստուն ձևով և չփոշիացնել դարերի ձեռքբերումը: Այդ առումով չափազանց կարևոր են այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք մեկնաբանում են մեր անցյալը և ստեղծում են ապագան՚,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:
ՙՀայ կամերային երաժշտության անթոլոգիա՚ ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: ՙԱրս լունգա՚ դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` այն համալրելով հայ կոմպոզիտորների կամերային այլ ստեղծագործություններով. դաշնամուրային եռյակ, քառյակ, հնգյակ և այլն: Շնորհանդեսին իրենց ներկայությամբ պատվել էին ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները Հայասանից և սփյուռքից: