Հայաստանի ընդդիմությունը պետք է համախմբվի և Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո աջակցի ընդդիմադիր քաղաքապետի թեկնածությանը, ապրիլի 30-ին ընտրողների հետ քաղաքապետի թեկնածուների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, բոլոր ընդդիմադիրները պետք է խոստանան, որ չեն աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը և կհամախմբվեն քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջը: ՙԱռաքելություն՚ կուսակցության, ՙԲարև Երևան՚ դաշինքի, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ցուցակների առաջին համարներ Մեսրոպ Առաքելյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը և Վահագն Խաչատրյանն իրենց հերթին ՀՅԴ առաջարկն ընդունելու պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ընթացքում ընդդիմադիր գործիչները նշել են, որ Երևանում սոցիալ-տնտեսական և կոմունալ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ չլուծված են մնում: Եվ քանի որ հարցումների ընթացքում որպես հիմնական խնդիր երևանցիները նշում են աղբահանության խնդիրը, թեկնածուները միաձայն նշել են, որ իշխանությունները չեն ցանկանում լուծել այդ խնդիրը, քանի որ դրա միջոցով մեծ գումարներ են վաստակում:
ՀԱԿ-ից թեկնածու Վահագն Խաչատրյանը և ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն իրենց հերթին հայտարարել են, որ նախանձում են թբիլիսցիներին, քանի որ Վրաստանի մայրաքաղաքը գրեթե իդեալական մաքուր վիճակում է գտնվում, ինչը չի կարելի ասել Երևանի մասին: