ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության ներուժը լիովին բավարար է` Երևանը ռեժիմի ճիրաններից ազատելու համար:Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Արամ Մանուկյանը`ելույթ ունենալով ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ:
ՙՀՀՇ կուսակցությունը միացել է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, ՀԱԿ դաշինքի ծանրակշիռ շատ ուժեր նույնպես հետևել են վերջինիս օրինակին: Ըստ որում, մեր կուսակցության մեջ մտել են նաև Կոնգրեսի ոչ կուսակցական անդամներ: Այսպիսով, նոր ՀԱԿ-ը միավորել է բոլոր նրանց, ովքեր 1988 թ սկսած պայքար են տանում անկախության, Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար՚,- հայտարարել է նա: Մանուկյանի խոսքով, կուսակցությանը միացել են անձնական ամբիցիաներից վեր կանգնած, քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ: Ըստ որում, արդեն 1813 մարդ ՀԱԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, և կուսակցությանն անդամակցման համար դիմումներ ներկայացնելու գործընթացը բավականին դինամիկ զարգացում է ապրում: ՙՎստահ եմ, որ նման ակտիվությունը վկայում է այն մասին, որ նոր ՀԱԿ ստեղծելու որոշումը ճիշտ էր, և այն ունի` որպես քաղաքական օրակարգ թելադրող ուժ կայանալու ներուժ՚,- հայտարարել է Մանուկյանը:
ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: